Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինչո՞ւ են փափուկ բարձ դնում հանրության գլխի տակ

Ինչո՞ւ են փափուկ բարձ դնում հանրության գլխի տակ
10.03.2017 | 01:02

Նախընտրական քարոզարշավի շրջանում բոլոր ընդդիմադիր ուժերը հանրությանը խոստանում են Հայաստանում տնտեսական հրաշք իրագործել, եթե գան իշխանության։ Նրանց տնտեսական ծրագրերը բավականին խոցելի կետեր ունեն և լի են պոպուլիստական հայտարարություններով։ Տնտեսագետները, ընդ որում` ոչ միայն ՀՀԿ-ն ներկայացնող, լրջորեն քննադատեցին և անիրատեսական որակեցին հատկապես «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի տասնհինգ տնտեսական կետերը։


Հանրության աչքում ամենահրապուրիչը, թերևս, կենսաթոշակը քսանհինգ հազար դրամով ավելացնելու մասին խոստումն է։ Սակայն քաղաքական այս ուժը չի մատնանշում, թե որտեղից են բյուջեում այդ միջոցները գոյանալու։ Այլ խոսքով, սա ենթադրում է ծախս` առանց եկամտի։ Նույնը կարող ենք ասել նաև երկրորդ կետի առումով, այն է՝ նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ։ Այս քայլերը բյուջեից հսկայական ծախսեր են պահանջելու, սակայն «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները չեն նշում, թե ինչի հաշվին են այդ ամենն իրականացնելու։ Ստացվում է պարզագույն պոպուլիզմ, նախընտրական հնարք՝ մարդկանց գրավելու համար։ Նախ, պետք է ասել, թե ինչ աղբյուրների հաշվին եկամուտները կավելացվեն, հետո միայն բարձրագոչ հայտարարություններ անել, սին խոստումներ տալ։
Ի դեպ, ողջ տնտեսական ծրագրում այս դաշինքն առաջարկում է կա՛մ ծախսերն ավելացնել, կա՛մ եկամուտները նվազեցնել։ Եթե նախորդ երկու կետերը ծախսերի ավելացում են ենթադրում, ապա երրորդ կետը, այն է՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, եկամուտների նվազեցում է, ինչը բյուջեի ճեղքվածքն ավելի է խորացնելու։ Դեֆիցիտը, մեղմ ասած, հասնելու է երկինք։


Տնտեսագետները քննադատության սլաքն ուղղում են նաև հինգերորդ կետին, որով ԲՀԿ-ն առաջարկում է հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում։ Ենթադրենք, երկու գործարարներից մեկը ամեն ամիս կատարել է իր հարկային պարտավորությունները, տույժեր ու տուգանքներ չունի, իսկ մյուսն անբարեխիղճ հարկատու է։ Հիմա պետությունն ասում. «Լավ, պարտք ես կուտակել, ոչինչ, ներում ենք տույժերդ ու տուգանքներդ»։ Բարեխիղճ գործարարը, բնականաբար, ներքուստ ընդվզում է, և հաջորդ անգամ նա ևս կորոշի չվճարել հարկերը, մեկ է` պետությունը կների, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «կասի հանցանքը փոքր է ու կների»։ Ցանկացած հարկային համաներում կիրառելիս, ըստ որոշ տնտեսագետների, տնտեսավարող սուբյեկտների շրջանում առաջանում է հարկերից խուսափելու բնական ցանկություն, որովհետև տեսնում են, որ պետությունը ժամանակ առ ժամանակ չվճարած հարկերն ու տույժերը ներում է։


ՈՒշագրավ է նաև տնտեսական այս ծրագրի այն կետը, որը վերաբերում է գազի գործող սակագնի իջեցմանը։ ԲՀԿ-ականները եղել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ, ուսումնասիրել սակագնի հարցը ու, չգիտես ինչու, այն ժամանակ այսքան հաստատակամ չէին պնդում, թե հնարավոր է գնի նվազում։ Նախընտրական շրջանում նո՞ր են հիշել։
Մյուս կետերի առնչությամբ էլ որոշակի վերապահումներ կան, սակայն եթե ընդհանրացնենք, «Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագիրն ավելի շատ նախընտրական է, քան իրատեսական ու գործնական։ Մեր բյուջեի դեֆիցիտը բավականին մեծ է, եթե իրագործվեն այս տնտեսական կետերը, այսինքն` ծախսերն ավելացվեն, իսկ եկամուտները նվազեցվեն, առանց այն էլ մեծ դեֆիցիտը հսկայական չափերի կհասնի։ Իսկ յուրաքանչյուր տարվա դեֆիցիտը դառնում է պետական պարտք։ Մեր երկիրը վաղուց «ճկռած» է պետական պարտքի բեռան տակ, նորերը հաստատ պետք չեն։ Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ պոպուլիստական հայտարարություններով ինչո՞ւ եք հանրության գլխի տակ փափուկ բարձ դնում։ Այս իշխանությունները «հրաշալիորեն» մեծացնում են և՛ պետական պարտքը, և՛ խորացնում բյուջեի դեֆիցիտը, «լրացուցիչ» ուժի կարիք հանրությունն ունի՞։ Իհարկե՝ ոչ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ